Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին տոնեց Ծաղկազարդը

Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին տոնեց Ծաղկազարդը
13.04.2014 | 23:22

Ապրիլի 13-ին Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ տոնախմբեց Ծաղկազարդը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից տարիներ առաջ հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Առավոտյան ժամերգության ավարտին, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Տաճարի բակում հոգեպարար «Որ Վերօրհնիս» շարականի երգեցողությունից և օրվա խորհրդին հարազատ ավետարանական հատվածների ընթերցումից հետո կատարվեց Անդաստանի արարողություն ու մանուկների օրհնության կարգ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով ներկա մանուկներին, բացատրեց Ծաղկազարդի խորհուրդն ու մաղթեց, որ Ամենակալ Աստված Իր հովանու ներքո պահի ու պահպանի բոլոր հայ մանուկներին` պարգևելով խաղաղ ու անվրդով կյանք: «Թո՛ղ որ Աստծո օրհնությամբ հասակ առնեք, արժանավոր զավակները լինեք ձեր ընտանիքների, մեր հավատավոր ժողովրդի, շենացնեք մեր Մայր Հայրենիքը` փառք ու պատիվ հավելելով նախնյաց ավանդությանը և գովարժան վարքով ծառայեք ազգիս հայոց», – ասաց Նորին Սրբությունը: «Պահպանիչ» աղոթքից հետո Վեհափառ Հայրապետը փոքրիկներին տոնի առիթով խաչեր նվիրեց, ապա օրհնված ճյուղերը բաժանվեցին ներկա գտնվող հավատացյալներին:
Այնուհետև Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Սրբազան Հայրն իր քարոզում հանգամանալից կերպով ներկայացրեց Ծաղկազարդի խորհուրդն ու տոնի հոգևոր պատգամը: Մայր Տաճարում հավաքված մանուկներին համեմատելով Երուսաղեմում Հիսուսին փառաբանողների հետ` Սրբազանը նշեց` այսօր Երուսաղեմի օրինակով Սուրբ Էջմիածինը նույնպես դղրդաց այս մանուկների ուրախությունից:
Իսկ հավարտ Ս. Պատարագին, դարձյալ կատարվեց մանուկների օրհնության արարողություն, որի ժամանակ բոլոր երեխաներին հրավիրեցին Մայր Տաճարի ատյան, ուր անձամբ Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը բաշխեց նրանց:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Դիտվել է՝ 1733

Մեկնաբանություններ